«Քերիր հայ ազգայնականին, եւ տակից դուրս կգա սեկտանտը» Տիգրան Հայրապետյանի հոդվածի վերլուծություն

Տարբեր գաղափարախոսությունների հանդեպ հետաքրքրասիրությունից ելնելով ես չեմ կարող անտարբեր անցնել նմանատիպ որեւէ հրապարակման կողքով: Տիգրան Հայրապետյանի «Քերիր հայ ազգայնականին, եւ տակից դուրս կգա սեկտանտը»  հոդվածի վերնագիրն ինձ չափազանց գրավեց: Կարդացի եւ այժմ իմ տեսակենտն եմ հայտնում այնտեղ գրված մտքերի վերաբերյալ:  

      Հեղինակը ներկայացնում է 18-րդ դ. 40-ականներին եվրոպական մի սեկտայի գործունեություն, որը վտանգավոր էին համարում` հատկապես երիտասարդների համար. այն պղտորում էր նրանց միտքն ու հոգին: Այնուհետ հեղինակը պնդում է, որ այդ սեկտային բավարար ուշադրություն չեն դարձնում արքայական տները, նրանք բացիլի պես տարածվում են ու դառնում հեղափոխությունների եւ ազգայնականության հիմքի վրա պատերազմների պատճառ:  Ներկայացվում է նաեւ, որ այդ ազդեցությունը կրել են նաեւ հայերը: Պարոն Հայրապետյանը այս հոդվածում ներկայացնում է սոցիալիստներին և ազգայնականներին, որպես մարդկության վտանգ։  Այստեղ ես կանգ կառնեմ, որ ասեմ, համաձայն չեմ սեկտայի եւ ազգայնականության նույնացմանը ու թերեւս հենց այստեղից էլ շարունակեմ: Ես հիմա մեջբերեմ հոդվածի այն մասը, որի հետ ես համաձայն չեմ.

-Հայերի համար բավարարական սեկտայի գործունեության դառը պտուղներն արտահայտվեցին նրանով, որ եվրոպական մայրաքաղաքներում կրթվող մեր հայրենակիցները գաղափարական բացիլակիր դարձան՝ ժամանակի ընթացքում ձևավորվելով իբրև հնչակ, դաշնակ, ռամկավար, որոնց զինանշանների վրա առայսօր էլ ներկայացված են աստվածաժխտումն ու մարդակործանումը հաստատող խորհրդանիշերը:

Իմիջայլոց, հենց միջնադարում էր, երբ գիտնականներին, հանճարներին, և այլ յուրահատուկ մարդկանց ենթարկել էին մահապատժի, անվանելով նրանց սեկտանտ, սակայն նրանք իրականում հասարակության հատուկ տեսակի մարդիկ էին: Նույնը Ջորդանո Բրունոն, ով ստիպված էր հրաժարվել իր մտածելակերպից և ընդունել այն, ինչ ասում էին ինկվիզիտորները կամ եկեղեցին: Նույնը Գալիլեո Գալիլեյը, որը նույնպես ունեցավ նույն ճակատագիրը, ինչը Ջորդանո Բրունոն:

      Ազգայնականությունն ու աղանդավորությունը միմյանց հետ աղերս չունեն: Ես ինձ համարում եմ ազգայնական, քանզի իմ հասարակագիտական և քաղաքագիտական աշխատանքների հայացնքներն ազգային գաղափարախոսության, ինքնապաշտպանության   ինքնաճանաչողության մասին են:  Աղանդը ազգ չի ճանաչում, որոշ դեպքերում կարող է ինչ-որ օղակների համար իսկապես կործանարար լինել, իսկ ազգայնականությունը, հատկապես թշնամիներով շրջապատված երկրների համար, կարող է շատ լուրջ նշանակություն ունենալ, կանխել գոյաբանական վտանգները:  

      Իհարկե, կան ազգայնամոլներ և ազգայնական խմբեր, որոնք վարում են սխալ քաղաքականություն և ընդհանրապես սխալ ձևով են ներկայացնում ազգայնականությունը: Սակայն հիմա, հենց Հայաստանում,  մեզ անրաժեշտ է ազգայնականություն, որ պահպանենք մեր «ես»-ը, մեր պետականությունն ու հայրենիքը:

   Ազգայնականությունը կարող է էֆեկտիվ չլինել, օրինակ,  արևմտյան Եվրոպայում, կամ ԱՄՆ-ում, կամ այլ երկրում,  ինչո՞ւ, որովհետեւ այստեղ բնակվող մարդիկ գիտեն, թե ինչ են անելու վաղը. Արթնանալու են, գնալու են աշխատանքի, հետո վայելելու են երեկոն:  Նրանք այն իրավիճակում չեն, ինչ մենք: Մենք այս պահին վաղվա օրվա որեւէ երաշխիք չունենք եւ չենք կարող ասել, թե թշնամին ինչ վարքագիծ կդրսեւորի եւ ինչպես կփոխվի մեր օրն ու կյանքը:         

    Իհարկե ես նաև կընդունեմ լիբերալիզմի որոշ մասեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանին և հայ ազգին ևս մեկ քայլ անել դեպի ընդհանուր բաղձալի նպատակին, սակայն եկեք չմոռանանք, որ մենք կանգնած ենք ճամփաբաժանին. կամ կմնանք այս տարածաշրջանում և կապրենք ինչպես այս հողերի տեր ու պաշտպան, կամ կնմանվենք գնչուներին, քրդերին, ասորիներին ու կդառնանք անհայրենիք:

Լիբերալիզմն ունի առավելություն,  որ ամեն մարդու պետք է համարել որպես անհատ, այլ ոչ թե ինչ-որ խմբի մաս: Բայց այս պահին մեզ պետք է լինել հենց ազգայնական, ում համար  բարձրագույն արժեքն է հայրենիքն ու ազատությունը: Ու ես ինձ այնքան դուր եկած վերնագիրը կձեւակերպեի այսպես` «Քերիր իսկական ազգայնականին և տակից դուրս կգա ազգային հստակ նպատակներով անձ»:

Ահա և նաև հոդվածը՝